https://hraparak.am/post/1bc0e1c4322382c668cd1d52ed40963e
Սերգեյ Մարտինյուկն ուկրաինացի գրող է, հրապարակախոս, լրագրող, բարերար, Ուկրաինայի գրողների եւ լրագրողների միությունների անդամ, ով զենք է վերցրել՝ հանուն հայրենիքի պաշտպանության (կապիտանի կոչում ունի)։
- Սերգեյ, գիտե՞ք, պատերազմի թեման շատ ցավոտ է ինձ համար, ոչ միայն որպես հայի, այլեւ պատերազմ ապրած մարդու, գրողի։ Եթե տարանջատենք ազգային, անձնական, քաղաքական համատեքստերը՝ ինչո՞ւ է առաջադեմ մարդկությունը շարունակ թաթախվում այդ մեղքի մեջ։
- Առաջադեմ մարդկությունը չի կռվում։ Պատերազմի մեջ է մեկ պետություն՝ Ռուսաստանը. գրեցի եւ հիշեցի Իվան Տուրգենեւի մեջբերումը. «Եթե Ռուսաստանն անցներ երկրի տակը, աշխարհում ոչինչ չէր փոխվի»: Բայց, հավանաբար, փոփոխություններ տեղի կունենային աշխարհում՝ կլինեին ավելի քիչ պատերազմներ եւ ավելի քիչ նախադրյալներ պատերազմների համար։ Դուք, ինչպես մենք՝ ուկրաինացիներս, գործ ունեք խելագար հարեւանի հետ։ Եկեք միասին տրամաբանենք։ Ռուսաստանի բոլոր ժամանակներում բոլոր դասերի ներկայացուցիչները՝ կայսրից մինչեւ մուրացկան, իրականացրին նույն «բոլշեւիզմը», որը փոխելով իր անուններն ու դիմակները, մնաց մոսկովյան ազգի անփոփոխ ազգային հավատքը։ Փոխատեղեք անուններ, տարեթվեր, վերնագրեր Ռուսաստանի ցանկացած դարի պատմությունից, եւ ոչ մի ընթերցող չի կռահի, թե որ դարի մասին է խոսքը։ Մեզ պետք չէ մտածել առաջադեմ մարդկության մասին, մենք պետք է մտածենք մեր մասին։ Ուկրաինան կհաղթի, եւ կշահեն հետխորհրդային տարածքի բոլոր պետությունները։ Խե՜ղճ Ռուսաստան. այն երբեք մեծ չէր, այլ պարզապես մեծ էր աշխարհագրորեն: Դա նման է անզգույշ սեփականատիրոջը, ով հող հավաքեց եւ ամբողջ ձմեռ բոլորին պատմեց, թե ինչպես է այնտեղ բանջարեղեն տնկելու: Եվ երբ եկավ գարունը, տնկեց տարածքի կեսը, բայց մյուս կողմը մոլախոտով էր լեցուն, եւ տերը բոլորին ասաց, որ պարարտանյութը չի հերիքում, տրակտորը, բահը, փոցխը փչացել են, եւ, ընդհանրապես՝ հարեւաններն են մեղավոր։ Եվ մի երկու ամիս հետո գնում է կռվի հարեւանների դեմ՝ իբր գողացված տրակտորը, բահը, փոցխը հետ վերցնելու։
- Պատերազմի եւ խաղաղության, նացիզմի եւ ազգային ինքնապաշտպանության սահմանագծերը չափազանց նուրբ են, երբեմն՝ շփոթելի։ Դրանք ե՛ւ հերոսացման տանող շարժառիթներ են, ե՛ւ կարող են շահարկումների պատճառ դառնալ։ Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ սերնդին՝ այս լաբիրինթից գլուխ հանելու համար։
- Չեմ սիրում խորհուրդներ տալ, բայց փորձեմ։ Ազգի ֆիզիկական ուժի աղբյուրը նրա ստեղծագործ ոգին է եւ ինքնավստահությունը։ Հետեւաբար, կոչ եմ անում երիտասարդությանը՝ հավատացե՛ք ինքներդ ձեզ: Հիվանդությունը բուժելու համար անհրաժեշտ է ճիշտ ախտորոշում կատարել։ Ավելի լավը եւ ուժեղ դառնալու համար անհրաժեշտ է ազնվորեն եւ խորապես բացահայտել բարոյական չարիքն ու հիվանդությունը, որը խորապես նստել է մեր հոգիներում: Ինքնուրույնաբար որոշելով դրա ծագումն ու բնույթը՝ ավելի հեշտ կլինի հաղթահարել այն եւ դիմել այն բարի բարոյական կանոններին, որոնք անհիշելի ժամանակներից բնորոշ են եղել ուկրաինական ազգին: Փոխեք «ուկրաինական» բառը որեւէ այլով՝ իմաստը չի փոխվի։ Այսօր մենք վարժվել ենք բաների, որոնք ի սկզբանե գոյություն չունեն բնության մեջ։ Երկրի վրա դրախտ չկա։ Այս փուլում մենք պետք է ընտրություն կատարենք ոչ թե դրախտի ու դժոխքի, այլ ազգային (անձնական) ազատության եւ գաղութային մոսկովյան ստրկության (մարդու իրավունքների բացակայության) միջեւ։ Ցավոք սրտի, շատերը չեն հասկանում այս ճշմարտությունները. ժողովուրդը, որը չի ցանկանում կերակրել իր բանակը, կերակրելու է ուրիշին, չի ցանկանում փառաբանել եւ օգնել իր պետությանը, ստիպված է լինելու աշխատել ուրիշի պետության լծի տակ: Եվ որպես վերջաբան՝ մատաղ սերնդի համար. դուք աշխարհի նոր էլիտան եք, մի վախեցեք ինքնուրույն լինել, մի վախեցեք տարբերվել, մի վախեցեք ծիծաղելի լինել, մի վախեցեք սովորել: Մի վախեցեք սկսել եւ ինչ-որ նոր բան անել: Մի՛ վախեցեք… Իսկ եթե ընկնես, ուրեմն միշտ վեր կաց ու նորից համարձակ առաջ շարժվիր։
Ցանկացած պատերազմի ելքը վճռում են հասարակությունները՝ հենց նրանք են վավերացնում ռազմաճակատում ծավալվող իրադարձությունները՝ գնահատանքով, պահանջով, քննադատությամբ, ինչով՝ կուզեք։ Այդպես չէ՞։
- Ըստ էության, ճիշտ է: Մի արտահայտություն կասեմ․ Ուկրաինան 370 տարի կռվում է Մոսկովիայի հետ (Ռուսաստան դարձավ միայն 1721-ին)։ 370 տարի ուկրաինացիներից գողացել են ամեն ինչ՝ մշակույթը, լեզուն, մեր պետության անունը։ Չէին կարող գողանալ միայն մեկ բան՝ ազատ ժողովրդի ազատ գեները։ Գիտե՞ք, թե ինչ սովորեցրեց Ուկրաինան Եվրոպային եւ ամբողջ աշխարհին․ սովորեցրեց գլխավորը՝ ռուսներից չեն վախենում։ Բոլորը վախենում էին Ռուսաստանից, բայց մենք չվախեցանք ու բռունցքով հարվածեցինք նրանց դեմքին։ Մենք այլեւս չենք ուզում Ռուսաստանի հետ «միության» մեջ ապրել. 2014-ին ես տեսա հսկայական հերթեր զինվորական հաշվառման կետերում եւ զինկոմիսարիատներում։ Ես տեսա Իրպենի առաջին կամավորներին, ովքեր գրեթե դատարկ ձեռքով ոտքի կանգնեցին՝ պաշտպանելու իրենց հայրենի քաղաքը։ Նրանք չէին վախենում մահից, չէին ուզում տեսնել ռուս օկուպանտներին Ուկրաինայում։
- Հայաստանում ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված՝ ցավ ու դառնություն են զգում․ նախ՝ երկու ժողովուրդներն էլ մեզ բարեկամ են, ունենք դարավոր կապեր, եւ հետո՝ ցավ է տեսնել 2 սլավոնական եղբայր ազգերի առճակատումը։ Այս քաղաքական ճգնաժամի հաղթահարումը՝ հանրային, գրողական, լրագրողական, փորձագիտական դաշտում, հնարավո՞ր է։
- Համաձայն չեմ։ Մենք չե՛նք պատերազմում եղբայրական սլավոնական ժողովրդի դեմ։ Մոսկվան եւ Ռուսաստանը երբեք սլավոնական չեն եղել. դա հերթական խաբուսիկ դիմակն էր իսկական ռուսի դեմքին, որին մենք չէինք ճանաչում։ Մենք Մոսկվա՞ ենք եկել, թե՞ Ռյազան։ Ուկրաինացիների եւ ռուսների միջեւ բարեկամություն երբեք չի եղել։ Մեջբերեմ Վասիլի Ռոզանովին. «Մենք՝ ռուսներս, ո՛չ արեւելյան, ո՛չ արեւմտյան ժողովուրդ ենք»։ Ինչպիսի՞ բարեկամություն կարող է լինել օկուպանտի հետ: «Եղբայրական» սլավոնական ժողովուրդը խաղաղ բնակիչներին չի սպանում միայն այն պատճառով, որ իրեն աղ ու հացով չի դիմավորում։ Եղբայրները խաղաղ մարդկանց չեն թալանում։ Եղբայրական ժողովուրդն Ուկրաինայից փոքր երեխաներին չի գողանում ու չի տանում իր զավթած տարածքները։ Եղբայրները դպրոցների, հիվանդանոցների, թատրոնների վրա կրակո՞ւմ են։ Չգիտեմ ինչ ասել Հայաստանի մասին՝ ես միայն մի բանի եմ հավատում, որ Հայաստանի երիտասարդ սերունդն ավելի մեծ հետաքրքրություն կցուցաբերի Ուկրաինայի հետ բարեկամության նկատմամբ։ Այսպես պետք է լինի եւ այսպես էլ կլինի։
- Զինվորական Մարտինյուկը շա՞տ է ճնշում արվեստագետ Մարտինյուկին։ Եվ ինչո՞վ է արտահայտվում դա։
- Փետրվարի 24-ին ես՝ ինքս, ինձ ասացի՝ իմ Ուկրաինային պետք է զինվոր Մարտինյուկը, ոչ թե գրող Մարտինյուկը։ Նա վերցրեց իր որսորդական զենքը եւ միացավ ռուսների դեմ Իրպենի դիմադրության շարժմանը։ Կինս կտրականապես հրաժարվեց տարհանվել Իրպենից, ասաց. «Սիրելիս, ես քեզ հետ կլինեմ մինչեւ հաղթանակ»: Ես գնացի քաղաքի կենտրոն եւ հանդես եկա իմ առաջին կոչով՝ Տարաս Շեւչենկոյի հուշարձանի մոտ։ «Փետրվարի 24, 2022: Ընկերներ եւ եղբայրներ: Մենք՝ բոլորս գիտեինք, որ սա տեղի կունենա: Մենք ուժեղ ենք եւ անպարտելի: Եկել է ժամանակը՝ ցույց տալու, որ մենք կազակների ընտանիքից ենք: Ուկրաինան, խիզախ մարտիկների Իրպենն անկոտրում է: Ուկրաինան եղել է, Ուկրաինան կա, Ուկրաինան հավերժ կլինի»։ Ես հպարտ եմ, որ եղել եմ Իրպենի առաջին կամավորներից, ովքեր չվախեցան մահից եւ կանգնեցրին ռուսներին։
- Հայ հեղինակավոր պոետ Գեւորգ Էմինն իր հայտնի՝ «Սասունցիների պար» կոչվող պոեմում նման արտահայտություն ունի․ «Պարեց Սասունը, ու ողջ աշխարհը հասկացավ, Որ պար չէ սա, այլ մի երկրի քաջ պատմություն, ուր պարտությունն անգամ ունի հպարտություն, Եվ չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդին, որ այս ջանքով ու այս կամքով Պարել գիտի…»։
- Զարմանքով եմ բացահայտում Հայաստանը։ Հրաշալի բանաստեղծություն է։ Ես իմ բանաստեղծությունների ռուսերեն թարգմանություններ չունեմ՝ ես չեմ ուզում իմ բանաստեղծությունները ռուսերեն թարգմանել: Հայերեն նույնպես չեն թարգմանվել, բայց կուզեի։ Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կթարգմանվեն:
- Շատ կուզեի, որ մեր հաջորդ զրույցն ընթանար խաղաղության պայմաններում, խաղաղ հռետորաբանությամբ։
- Ձեզ իմաստնություն եմ մաղթում որոշումներ կայացնելիս եւ ուրախություն՝ կյանքի ընկալման մեջ։ Ապագան մերն է։ Փա՛ռք ազատ Հայաստանին, փա՛ռք Ուկրաինային։